Չինական իմաստության խոհանոց

06/03/2020

Չինական իմաստության խոհանոց

Ասիայի հնագույն պատմությունը, նրա մշակույթն ու փիլիսոփայությունը սերտորեն փոխկապակցված են չինական խոհանոցի հետ: Չինական կերակուրն իր յուրահատուկ կանոնները, արարողություններն ու սովորույթներն ունի: Չինացու համար ուտելիքը ոչ միայն հագենալու միջոց է, այլեւ, առաջին հերթին, կյանքի փիլիսոփայություն, որոշակի արարողակարգ, որին հետեւում են օրվա որոշակի ժամանակահատվածում մի քանի անգամ: Չինական խոհարարական կանոնների համաձայն, ուտելիքը պետք է լինի ոչ միայն համեղ, այլեւ օգտակար: Ուտելու համար մատուցվում են կերակուրներ, որոնք պետք է ներառեն հիմնական համային հատկություններ. թթու, քաղցր, աղի, բուրավետ, ոսկեգույն, կծու եւ անալի: Չինաստանում ճաշը սկսվում է մի գավաթ կանաչ թեյով, այնուհետեւ մատուցվում են նախուտեստները, երկրորդ ուտեստները, ապուրն ու կանաչ թեյի եւս մեկ գավաթ: Չինական խոհանոցը հայտնի է իր բացառիկությամբ. յուրահատուկ բույրերով, գույներով եւ համերով: Որոշ ուտեստներ մտածվել են հազարամյակներ առաջ եւ մինչեւ այսօր իրենց հատուկ տեղն են զբաղեցնում չինական ռեստորաններում: Եկեք ծանոթանանք չինական խոհանոցին եւ խոսենք Երեւանի չինական ռեստորանների առանձնահատկությունների մասին: Մեր մայրաքաղաքը չինական խոհանոցին առաջին անգամ ծանոթացավ ավելի քան 10 տարի առաջ, երբ բացվեց չինական առաջին՝ «Լոտոս» ռեստորանը: Մինչ այդ, Երեւանում չինական ռեստորաններ բացելու փորձեր արվում էին, բայց հաջողությամբ չէին պսակվում: Այսօր քաղաքում 9 չինական ռեստորան է հաշվվում: «Սկզբում չինական ռեստորանները տարածում ունեին զբոսաշրջիկների մոտ, իսկ մայրաքաղաքի բնակիչները չէին համարձակվում փորձել արտասովոր նորույթը: Սակայն առաջին համարձակների շնորհիվ, ովքեր համոզվեցին չինական խոհանոցի օգտակարության հարցում, այցելուների թիվը սկսեց կտրուկ աճել: Չինական խոհանոցը բավական բազմազան է: Այն բաժանվում է 4 հիմնական խոհարարական շրջանի. Շանդուն, Սիչուան, Կանտոն եւ Ֆուցզյան: Յուրաքանչյուր շրջանի ուտեստները պատրաստման, մթերքների եւ համեմունքների օգտագործման իրենց առանձնահատկություններն ունեն: Սակայն շատերը կարծում են, որ խոհարարական շրջանների միջեւ տարբերությունները պայմանական են եւ ոչ մի կերպ չեն համընկնում աշխարհագրության հետ: Երեւանի բոլոր ռեստորաններում հարուստ կերպով ներկայացված են Սիչուան եւ Կանտոն նահանգների ուտեստները: Դրանց ճաշացանկերը ներառում են բազմաթիվ ուտեստներ բանջարեղենով, հավով, բադով, հորթի մսով, համեմունքների եւ սոուսների հսկայական տեսականիով ու լապշայով:  Չնայած բոլոր ռեստորաններն առաջարկում են Շանդուն եւ Ֆուցզյան նահանգների հայտնի ծովային խորտիկները (կաղամար, ծովախեցգետին, ձուկ, ութոտնուկ), բայց մի ակնկալեք տեսնել շնաձկան լողակներից կամ օձի մսից ապուրներ: Այս հանգամանքն իր պատճառներն ունի, մասնավորապես, ծովային կենդանիների մսի ձեռքբերման եւ ներմուծման բարձր գները: Պետք չէ մոռանալ բրնձի մասին, որը Ասիայի խորհրդանիշերից մեկն է: Բրինձը չինացու համար սնվելու հիմնական մթերքներից է, ինչպես հացն արեւմտյան մարդու համար: